21 ապրիլի 2025 - 11:44 AMT
Փաշինյան․ Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել հասարակության իրական կամքը։ Այս հայտարարությունն նա արել է «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» խորագրով համաժողովի ընթացքում։

«Ես կարծում եմ, որ ՀՀ–ում հաստատված իրավակարգերի և ժողովրդի միջև ճեղք կա։ Իրավակարգի այդ ճեղքը կախված է և կապված է նրան հետ, որ ըստ էության` բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, դրանց ժամանակ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը»,– նշել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետը նաև ընդգծել է, որ սա խորքային, արմատական խնդիր է, քանի որ ժողովրդի և գործող իրավակարգի միջև բացակայում է օրգանական կապը։ Նրա գնահատմամբ՝ իրավակարգում առկա այդ բացերը վկայում են, որ Հայաստանը դեռ չի հասել այն մակարդակին, որը ցանկալի է եղել՝ որպես զարգացած և ժողովրդավարական պետություն։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։