Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը կարևորեց դատական ծառայողների վարձատրությունը և սոցիալական երաշխիքները։ Նա այդ մասին ասել է Երևանում անցկացվող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ընթացքում՝ շեշտելով, որ աշխատողների վարձատրությունը համարժեք չէ նրանց կատարած պատասխանատու աշխատանքին։
Ըստ Աթաբեկյանի՝ միայն 2024 թվականին դատական ծառայողների մասնակցությամբ իրականացվել է ավելի քան 50 հազար դատական նիստ, սակայն ցածր աշխատավարձերի պատճառով համակարգից շարունակվում է արտահոսքը, հայտնում է Արմենպրեսը։
«Նախորդ երկու տարվա ընթացքում մոտ 700 աշխատակից ուղղակի դուրս է եկել համակարգից։ Սա էլ է կարևոր հարց, որովհետև լավ աշխատողը պետք է լավ վարձատրվի։ Իհարկե, ընդհանուր պետք է դիտարկել նաև մեր ֆինանսական հնարավորությունները»,-նշեց ԲԴԽ նախագահը։
ԲԴԽ նախագահի խոսքով՝ հատկապես խնդրահարույց է դատարաններում աշխատող քարտուղարների և կարգադրիչների վարձատրության հարցը։
«Դատավորի աշխատակազմը ոչ պակաս աշխատանք է կատարում։ Աշխատակազմից նույնիսկ մեկ հոգու բացակայությունը լուրջ խնդիր է առաջացնում գործի քննության որակի առումով։ Երբ ժամանակի մեջ չենք տեղավորվում, խնդիր է առաջանում որակի հետ»,- ասել է նա։