22 ապրիլի 2025 - 14:54 AMT
Կատվալյան․ Նախատեսվում է նոր Karcher մեքենաների թվաքանակով համալրեր վարորդների կազմը

Երևանի քաղաքապետարանի ապրիլի 22-ի նիստում քննարկվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից նոր տեխնիկայի ձեռքբերման արդյունքում առաջացած անհրաժեշտությունները։ Տնօրեն Սաշա Կատվալյանը տեղեկացրել է, որ հիմնարկը համալրվել է 12 նոր Karcher բազմաֆունկցիոնալ մեքենաներով, և առաջարկվում է դրանց թվաքանակին համարժեք վարորդների հաստիքացուցակ ընդունել։

Նրա խոսքով՝ այս փոփոխության արդյունքում համայնքային հիմնարկի ծախսերն ավելանալու են մոտ 58 միլիոն դրամով։ Կատվալյանը ներկայացրել է նաև համապատասխան նախագիծը, որով առաջարկվում է հաստատել նոր հաստիքները, հայտնում է 1lurer.am-Ը։

Քննարկման ընթացքում ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն առաջարկել է դեմ քվեարկել նախագծին և ուղարկել այն վերանայման;

«Մենք չենք ցանկանում, որ Երևանի աշխատողները գիշերները չքնեն ու աշխատեն առանց հերթափոխի: Մենք ձեզ հորդորեցինք, որ 12 մեքենաների համար առնվազն 18 հաստիք լինի, որ մարդիկ կարողանան երկու գիշեր աշխատել, մի գիշեր գոնե տանը քնել»,–ասել է նա։

Ի պատասխան՝ Սաշա Կատվալյանն նշել է, որ առաջարկված դիտարկմանը չի համաձայնում, քանի որ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված շաբաթական աշխատաժամանակը պահպանվում է։

«Եթե մենք իրականացնենք նման փոփոխություն, այդ դեպքում գիշերային հերթափոխի քանակը պետք է ավելացնենք, քանի որ սա առաջին անգամ չէ, որ վարորդներն աշխատում են գիշերը:

Մենք այս պահին աշխատեցնում ենք նաև 8 փոշեկուլ մեքենաներ, 30 ջրցան մեքենաներ: Եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, ապա հաստիքների քանակը 1,5 անգամ պետք է ավելացնենք: Չենք կարող մենք տարբերակված մոտեցում ցուցաբերել, նոր ձեռքբերված 12 ավտոմեքենաների համար ընդունենք 18, իսկ նախկինում ձեռք բերված ավտոմեքենաների համար, որոնք 2019 թվականից աշխատում են, այդ մասով թողնենք նույնը»,- նշել է Կատվալյանը։

Նա նաև հավելել է, որ սանիտարական տեխնիկաները գործում են ուշ երեկոյան ժամերից մինչև լուսաբաց՝ կախված մայրաքաղաքում երթևեկության ինտենսիվության նվազումից։

Ըստ Կատվալյանի՝ փոշեկուլներն ու ջրցան մեքենաները գործի են անցնում ժամը 12:00-ից մինչև առավոտյան 06:00-07:00-ը, իսկ աղբահանության մեքենաները՝ ժամը 20:00-ից հետո։ Հավաքարարների աշխատանքը սկսվում է հիմնականում 22:00-ից և շարունակվում մինչև առավոտ՝ կախված վարչական շրջանների առանձնահատկություններից։