Բաքուն հայտարարել է, որ Հայաստանին պաշտոնական հրավեր է ուղարկվել մասնակցելու ԱՊՀ երրորդ խաղերին, որոնք անցկացվելու են Ադրբեջանում։
Baku City Circuit (BCC) օպերացիոն ընկերության անվտանգության և օպերացիաների ղեկավար Այգյուլ Աղաևան ասել է․ «Մենք հրավերներ ենք ուղարկում երկրներին։ Սակայն Հայաստանի մասնակցությունը դեռ չի հաստատվել։ Եթե հետագայում լինեն փոփոխություններ, ապա այդ մասին կհայտարարվի», հայտնում է APA-ն։
ԱՊՀ երրորդ խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները տեղի կունենան Գյանջայի կենտրոնական մարզադաշտում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի կառավարությունը կքննարկի հայ մարզիկների մասնակցության հարցը ԱՊՀ երրորդ խաղերին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից»,–ասել է Անդրեասյանը։
Նախարարը նաև ընդգծել է, որ որոշումն ընդունվելու է միայն անհրաժեշտ ամբողջ տեղեկատվության ստացումից հետո։
ԱՊՀ երրորդ խաղերի անցկացման ժամկետները սահմանվել են 2025 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը։