23 ապրիլի 2025 - 15:58 AMT
Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 համարի ավտոբուսի վարորդին

Ապրիլի 23–ին միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը:

«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրել է Ասատրյանը։

Երևանի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցից հայտնել են, որ դանակահարված վարորդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է «Փաստինֆոն»։

Իրավապահ մարմինները ներկայում շարունակում են պարզել դեպքի հանգամանքները։