ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն ՀՀ–ում օրինական բնակվող օտարերկրացիները կարող են դիմել և ստանալ Mobile ID։
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Mobile ID-ի դիմելու և ստանալու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ։ Սակայն, հաշվի առնելով պետական թվային ծառայությունների ավելացումը, առաջացել է անհրաժեշտություն՝ դրանք հասանելի դարձնել նաև ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիների համար, հայտնում է «Փաստինֆոն»։
Օտարերկրացիները կարող են ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով ներկայացնել կացության կարգավիճակ ստանալու դիմում և ստանալ համապատասխան կացության քարտ։ Նույն կերպ՝ լիազորված անձի միջոցով օրինական բնակվող օտարերկրացին կարող է ստանալ նաև հանրային ծառայությունների համարանիշ։
Քանի որ պետական առցանց ծառայությունների մատուցումն ապահովվում է խիստ նույնականացման մեխանիզմներով, նախագծով սահմանվել է, որ օտարերկրացիները կարող են դիմել և ստանալ Mobile ID այն բանից հետո, երբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կատարի համապատասխան նշում՝ նույնականացման մասին օտարերկրացիների հաշվառման համակարգում։ Այդ նպատակով օտարերկրացին նախապես պետք է ներկայանա նշված ծառայություն։
Այս միջոցառումը իրավական միատեսակ մոտեցում ապահովելու համար տարածվում է նաև այն օտարերկրացիների վրա, ովքեր մինչև սույն կարգավորումների ուժի մեջ մտնելը արդեն իսկ ստացել են կացության կարգավիճակ, համապատասխան վավերական փաստաթղթեր կամ օրինական բնակության մասին վկայող տեղեկանք։