24 ապրիլի 2025 - 17:08 AMT
Գարեգին Բ․ Ոգեկոչում ենք Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը սրտում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոգեկոչում ենք Հայոց gեղաuպանnւթյան տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը սրտում։

«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի, զավակների հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ աղոթք են բարձրացրել առ Աստված՝ խնդրելով ուժ և տոկունություն հայ ժողովրդին՝ փորձությունները հաղթահարելու ու երկրի շենացման ուղին շարունակելու համար։

«Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքից մեր հոգևորականների և մեր ազգի զավակների հետ միասին աղոթք վեր առաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը, տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, և կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։

Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս՝ հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերն ու ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- ասել է Վեհափառը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։