25 ապրիլի 2025 - 10:17 AMT
Թրամփը խուսափել է ցեղասպանություն եզրույթից՝ խոսելով Մեծ եղեռնի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը և հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հոգիների հիշատակը: 1915 թվականից սկսած՝ մոտ մեկուկես միլիոն հայեր բռնի տեղահանվել և սպանվել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Այս հիշատակի օրը ԱՄՆ-н միացել է ինչպես Ամերիկայի, այնպես էլ ամբողջ աշխարհի հայկական համայնքին՝ հարգելով այս ողբերգության բազում զոհերին։

Ապրիլի 24-н ամեն տարի առիթ է վերարժևորելու հայ և ամերիկյան ժողովուրդների միջև եղած ամուր ու երկարատև կապը։ ԱՄՆ-ն բարձր է գնահատել 1915 թվականին ստեղծված Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի պատմական գործունեությունը, որը վճռորոշ մարդասիրական աջակցություն է տրամադրել տեղահանված հայերին։ Հպարտությամբ ու երախտագիտությամբ է հիշվում այն հազարավոր ամերիկացիների ներդրումը և կամավորությունը, որոնք օգնել են իրենց տները կորցրած հայերին։

Այս օրը նաև վկայությունն է հայ ժողովրդի տոկունության և ամրության՝ ողբերգության ֆոնին։ Միացյալ Նահանգները հարստացել է հայերի բերած մշակութային ժառանգությամբ՝ այդ թվում՝ պարգևների արժանացած զինվորականների, ճանաչված արվեստագետների, անվանի ճարտարապետների և հաջողակ գործարարների։

Հարգանքի տուրք է մատուցելով զոհվածների հիշատակին, վարչակազմը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու կրոնական ազատությունները և փոքրամասնություններին։

«Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը և տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, մինչ շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–ասվում է Թրամփի ուղերձում։