«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24–ի ուղերձին՝ նշել է, որ բանալի բառերն են «անհամբեր սպասում ենք», «ռազմավարական գործընկերություն»։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Սարգսյանը հորդորել է անհապաղ մասնագետների խումբ ձևավորել և գործուղել Վաշինգտոն։
«Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ… Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք» , «ռազմավարական գործընկերություն» …
Համոզված եմ, որ նման ձևակերպումներից հետո ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել ՀՀ անվտանգային, տնտեսական, էներգետիկ, մարդկային և բնական ներուժին տիրապետող մասնագետների խումբ և կոնկրետ ծրագրերով ու առաջարկներով գործուղել Վաշինգտոն։
Հ.Գ. Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահի նման ձևակերպումները հետևանք են նաև օրերս ստորագրված Ադրբեջան-Չինաստան համաձայնությունների։ Ժամանակ կորցնել չի կարելի, ԱՄՆ նախագահի նման ակնարկը հուշում է, որ ճշգրիտ գործելու դեպքում` ժամանակը կարող է մեր օգտին աշխատել»,–գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության ճանաչումից ամոթալի նահանջը։