Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով մայիսի 21-ից հետո կայանալիք նախագահի ընտրությանը, ասել է, որ դեռևս չի որոշել՝ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, թե ոչ։
«Ես այս պահին նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշում չունեմ, առաջիկայում մենք մեր որոշումը կհայտնենք»,–ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։
Նա հավելել է, որ Սահմանադրությամբ նախատեսվում է ընտրությունների անցկացում մայիսի 21-ից հետո՝ 7-10 օրվա ընթացքում։
«Որոշումը կախված է քաղաքական ուժերի դիրքորոշումից, հասարակության դիրքորոշումից։ մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները»,– նշել է Շահրամանյանը։
Նա նաև հայտնել է, որ երկու օր առաջ դիմել է Արցախի Գլխավոր դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե՝ Արցախի ներդրումային հիմնադրամի վերաբերյալ հարուցված քրեական գործի քննության առնչությամբ։
«Խնդրել եմ այս առնչությամբ 2023 թ-ի նոյեմբերի 8-ին ներկայացրած մեր նամակի հետքերով իրականացված քայլերի առնչությամբ տեղեկատվություն տրամադրել։ Նաև խնդրել ենք վերջերս տեղեկատվական դաշտում ի հայտ եկած հայտարարությունները ընդունել հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Դեռ պատասխան չունենք»,– հավելել է Շահրամանյանը։
Նա շեշտել է, որ պատրաստ է աջակցել օրեր առաջ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացրած քաղաքացիներին՝ կազմակերպելով նրանց հանդիպում ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում հանդիպել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։ Խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ արցախցիների խնդիրների վերաբերյալ առաջարկություն ունեն, որը շուտով կփոխանցեն Արցախի նախագահին, և նշել են, որ առաջիկայում նախատեսում են հանդես գալ հայտարարությամբ: