25 ապրիլի 2025 - 17:21 AMT
ԵԽ պատգամավորը հուսով է, որ Կալասն իր այցը Բաքու կօգտագործի հայ գերիների ազատման համար

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը քննադատել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին։

Նա հույս է հայտնել, որ այդ այցը կօգտագործվի Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար, հայտնում է Արմենպրեսը։

«Քանի որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին այցելում է Ադրբեջան, ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս ողբերգական տարելիցի դասը կօգտագործվի բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի կերպով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն ապահովելու համար»,-իր գրառման մեջ ընդգծել է Միրիամ Լեքսմանը։

Մինչ այդ՝ մի շարք եվրոպական երկրներից և Եվրախորհրդարանից պատգամավորներ քննադատել են Կալասի՝ Բաքու կատարելիք այցի որոշումը։ Նրանք նշել են, որ Կալասը գերադասել է մեկնել բռնապետական Ադրբեջան՝ շրջանցելով եվրոպական ուղի ընտրած Հայաստանը։ Ըստ նրանց՝ այս ընտրությունը դիտարկվում է որպես անտեսում մի երկրի, որը ժողովրդավարական արժեքներով է առաջնորդվում ու շարունակում է սպառնալիքների բախվել Ադրբեջանի կողմից։

Կայա Կալասն արդեն Բաքվում է որտեղ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական մամուլը հաղորդել է, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող գործընթացը։