25 ապրիլի 2025 - 18:16 AMT
Ջուլհակյան․ Քոչարյանի հարցով Էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի՝ «մեջների կյաժը չէ»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորելու համար պատասխանատվության չի ենթարկվի։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկել է ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու դեմ, որը պետք է քննարկեր ՔՊ պատգամավորի վարքը։

ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները, սակայն նման հանձնաժողով ձևավորված չի եղել, հայտնում է Aysor.am-ը։

«Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իր գործընկերը անթույլատրելի վարք է ցուցաբերել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Քոչարյանը խախտել է էթիկայի նորմերը և անհրաժեշտ է ուսումնասիրել նրա պահվածքը։

«Շատ լավ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեր, մենք կհասկանայինք, որ մարդն ընդունել է իր մեղքը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ սկզբում պահանջելով, որ նա հեռու կանգնի, ապա վիրավորել նրան՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։ Հռիփսիմե Ջեբեջյանը նախաձեռնել է ստորագրահավաք, որով ԱԺ խմբակցություններից պահանջել է ձևավորել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննարկելու ՔՊ պատգամավորի վարքը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, արձագանքելով նախաձեռնությանը, շրջանառության մեջ են դրել համապատասխան նախագիծը։