Եվրոպական Հայկական արդարության և Ժողովրդավարության դաշնությունը՝ EAFJD–ն, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ԵՄ դիվանագիտության ղեկավար, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի կողմից ԵՄ-Ադրբեջան բանակցությունների վերսկսմանը նոր Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծես անտեսում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ հայերի էթնիկ զտումների վերաբերյալ և նրա աճող թշնամական հռետորաբանությունը ԵՄ-ի նկատմամբ»,- նշել է Դաշնությունը իր հայտարարությունում, հայտնում է Aravot.am-ը։
Դաշնությունը շեշտել է, որ Կալասը պետք է հաշվի առնի Եվրոպական խորհրդարանի 2018 թվականից ի վեր արտահայտված հստակ և հետևողական դիրքորոշումը: Բազմաթիվ անգամներ Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը չի կարող առաջ գնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքները:
Մի շարք եվրոպական երկրներից և Եվրախորհրդարանից պատգամավորներ քննադատել են Կալասի այցը Բաքու։ Նրանք նշել են, որ Կալասը գերադասել է մեկնել բռնապետական Ադրբեջան՝ շրջանցելով եվրոպական ուղի ընտրած Հայաստանը։ Ըստ նրանց՝ այս ընտրությունը դիտարկվում է որպես անտեսում մի երկրի, որը ժողովրդավարական արժեքներով է առաջնորդվում ու շարունակում է սպառնալիքների բախվել Ադրբեջանի կողմից։