Հայաստանի առաջին ազգային արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, ապրիլի 26-ին իր վերջին անցումն է կատարել Կարմանի գծով (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։
Արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի ջանքերով:
«Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։
Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։
Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություներն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։ Շնորհակալ ենք ողջ Հայասաթ թիմին այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար»,- ասված է գրառման մեջ:
«Բազումք» լաբորատորիան ընդգծել է, որ «Հայասաթ-1»-ի արձակումը նոր էջ է բացել Հայաստանի տիեզերական հետազոտությունների ոլորտում, դառնալով կարևոր քայլ դեպի ավելի լայնածավալ և հավակնոտ ծրագրերի իրագործում:
«Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին հայկական արբանյակն է։ Այն ուղեծիր էր դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023–ի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով։ Այն պատկանում է փոքր խորանարդաձև արբանյակների դասին (cubesat)։