Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նրանք, գտնվելով կանչի վայրում, ենթարկվել են հարձակման դանակով զինված քաղաքացու կողմից, ինչի հետևանքով տուժել է շտապօգնության մեքենայի վարորդը։ Ըստ նախարարի գրառման, ոստիկանություն համապատասխան հաղորդում է ներկայացվել։
Նա հայտնել է, որ շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցների հարց կդրվի քննարկման:
«Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,–ասվում է գրառման մեջ։
Վերջին շրջանում բուժաշխատողների, մասնավորապես շտապօգնության աշխատակիցների վրա հարձակումներն առավել հաճախակի են դարձել։