2017 թվականից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրել 5491 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին, ընդհանուր մոտ 14,000 մարդու՝ գումարային 113․6 միլիարդ դրամի չափով։ Այդ մասին տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է հիմնադրամի ղեկավար Կարինե Սարգսյանը։
«2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպք է արձանագրվել։ Եթե համեմատական կարգով նշեմ, ապա, դժբախտաբար, 2024 թվականի առաջին եռամսյակում 147 դեպք ենք ունեցել, և դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Կարինե Սարգսյանը պարզաբանել է, որ այս ընթացքում «Զինապահ» հիմնադրամի միջոցները կազմել են 237 միլիարդ դրամ, որոնցից 197 միլիարդ դրամը գոյացել է պարտադիր դրոշմանիշային վճարներից, 28 միլիարդ դրամը՝ ակտիվների կառավարման արդյունքում, իսկ մնացած 13 միլիարդ դրամը հիմնադրամն ընդունել է նվիրատուներից:
Հիմնադրամի ֆինանսական մուտքերը 2024 թվականի ավարտին աճել են 11 տոկոսով։
Նախորդ տարիներին՝ 2017-2024 թվականներին, հիմնադրամը հատուցել է 91․5 միլիարդ դրամի չափով 5345 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին, ընդամենը 12,500 մարդու։ Միայն 2023 թվականին պարտադիր դրոշմանիշային վճարներից հիմնադրամը ստացել է 150 միլիարդ դրամ, ակտիվների կառավարումից՝ 18 միլիարդ դրամ, իսկ նվիրատվություններից՝ 9․4 միլիարդ դրամ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։