2 հունիսի 2009 - 23:32 AMT
Սփյուռքի նախարարությունը ակտիվություն է ակնկալում Ֆրանսիայի հայ համայնքից
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոնի մարզպետարանի, Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ երիտասարդական միության ներկայացուցիչներ Ժան Մարկ Բյուխսոնին, Պասկալ Շահմասյանին, Ռոբերտ եւ Սիմոն Ազիլազյաններին, Երվանդ եւ Տիգրան Աղունյաններին:
Նախարարը ջերմորեն ողջունեց հյուրերին, անդրադարձավ վերջերս Ֆրանսիա կատարած այցին, Ֆրանսիայի հայ համայնքների հետ ունեցած հետաքրքիր հանդիպումներին եւ դրանցից ստացած տպավորություններին: Ֆրանսիացի հյուրերը տիկին Հակոբյանին տեղեկացրին թե Ֆրանսիայի հայ համայնքներում իրականացվող ամենատարբեր ծրագրերին, թե համահայկական նշանակություն ունեցող եւ թե Հայաստանին առնչվող ծրագրերին , մասնավորապես մշակութային միջոցառումներին, որոնք առնչվում են Ֆրանսահայ երիտասարդական միության «Արաքս եւ Սասուն» պարախմբի` Սփյուռքի տարբեր գաղթօջախներում կայանալիք հյուրախաղերին:
Նախարարը պատրաստակամություն հայտնեց օգնելու պարախմբի փորձերի կազմակերպմանը Հայրենիքում եւ սփյուռքյան հյուրախաղերին: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին հարիր համագործակցություն` Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոնի մարզպետարանի, Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ երիտասարդական միության հետ` հատկապես Մարսել եւ Երեւան քույր քաղաքների համագործակցությունն ակտիվացնելու հարցում ֆրանսահայ համայնքի գործուն մասնակցությունը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: