10 հունիսի 2009 - 20:18 AMT
Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասինելլին` կապված Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու հետ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին կատարած աշխատանքի եւ արդյունավետ համագործակցության համար` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունները համագործակցության ամենատարբեր ոլորտներում զարգացման նոր հնարավորություն են տալիս:

Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության պոտենցիալի զարգացմանը, բարենպաստ տնտեսական միջավայրի ձեւավորմանը եւ ներդրումային նոր ծրագերի իրականացմանը: Մասսիմո Լավեցցո Կասինելլին հույս է հայտնել, որ փոխշահավետ տնտեսական եւ մշակութային համագործակցությունն ընդգրկելու է նոր ոլորտներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիվանագետին հաջողություն է մաղթել եւ հույս հայտնել, որ հետագայում պարոն Մասսիմո Լավեցցո Կասինելլին իր գործունեությամբ նպաստելու է հայ-իտալական հարաբերությունների խորացմանը: