22 դեկտեմբերի 2025 - 12:38 AMT
Արեյան․ Ձնամաքրման համար առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ ձնամաքրման համար նախապատրաստական աշխատանքները լիարժեք կերպով կազմակերպված են։

Նրա խոսքով՝ ռեսուրսների բաշխումն արդեն իրականացվել է, ներգրավված է 241 միավոր տարբեր չափերի տեխնիկա, որոնք նախատեսված են տարբեր աշխատանքների կատարման համար։ Նա նաև նշել է, որ աշխատանքներում ներառված է 614 հոգուց կազմված բանվորական անձնակազմ, հայտնում է Radar Armenia-ն։

«Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են»,– ասել է Արեյանը՝ հավելելով, որ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ համայնքներում առկա է աղի ու ավազի բավարար պաշար։

Նա ընդգծել է տնտեսվարողների պատասխանատվությունը՝ կոչ անելով մաքրել իրենց սպասարկման գոտիները՝ մայթերն ու հարակից տարածքները։ Արեյանը նաև նշել է, որ դիմել է քաղաքապետին՝ առաջարկելով հանձնարարել վարչական շրջաններին ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին՝ կանոնների պահպանման նպատակով։

«Խիստ հսկողություն սահմանեն ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է, և ստիպված է քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել», – ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այն ավտոլվացման կետերին, որոնք չեն պահպանում կանոնները։