17 հունիսի 2009 - 17:08 AMT
Microsoft RA-ն Երեւանում DigiTec Business ֆորումին ներկայացնելու է Windows 7-ը եւ Internet Explorer 8-ը
Երեւանում հունիսի 19-20-ն անցկացվող DigiTec Business ֆորումի շրջանակներում, որն ընթանալու է Microsoft-ի նորարարական ֆորումի հետ համատեղ, Microsoft ընկերության կողմից ներկայացվելու են Windows 7 օպերացիոնալ համակարգը եւ Internet Explorer 8 նոր բրաուզերը:

«Ֆորումի ժամանակ մեր ընկերությունը ներկայացնելու է Windows 7 նոր օպերացիոնալ համակարգը եւ այլ ծրագրային արտադրանքներ բիզնես պլատֆորմի վրա, որոնք ավելի արտադրողական են դարձել եւ հարմար կիրառության մեջ»,- հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, Microsoft նորարարական ֆորումն իր առջեւ նպատակ է դնում եւս մեկ անգամ ընդգծել նորարարական մոտեցման կարեւորությունը մրցակցության պայմաններում, հատկապես, հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը»,- ասել է նա:

Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ Windows 7-ի հայկական տարբերակը դեռ պատրոստ չէ, բայց այն անպայման վաճառքի է հանվելու հաջորդ տարվա ընթացքում: