
Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում գտնվող երկու փողոց անվանափոխվել է։ Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Որոշման համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կրելու է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է Արմենպրեսը:
Նշված փողոցը սկսվում է Աթենքի փողոցից՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, և հասնում է մինչև Հալաբյան փողոց։
Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սիլիկյան 8-րդ փողոցը անվանակոչվել է հայ կոմպոզիտոր, քանոնահար և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունով։ Այդ փողոցը սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից և հասնում է մինչև Սիլիկյան 7-րդ փողոց։