14 ապրիլի 2026 - 18:05 AMT
Իոաննիսյան․ Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի

Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի, հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ` վերջերս 47․5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է:

Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով... Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է»,-գրել է նա:

Նա հավելել է, որ տեղեկություններ ունեն, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր:

«Մենք ունենք տեղեկություններ, որ Երևանի շատ կոնկրետ տարածքում բնակվող անձինք (նախկին բարձրաստիճան պաշտնյայի լայն շրջապատ) համատարած կերպով 1-2 օրով թռնում են արտերկիր ու վերադառնալիս ձեռքի ուղեբեռում կանխիկ են բերում:

Իրավապահ մարմինները պետք է այդ բոլոր շրջանակներին հավաքեն ու թույլ չտան մասնակցել քաղաքական ֆինանսավորման ապօրինի սխեմաներին»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: