21 ապրիլի 2026 - 10:29 AMT
Ալեքսանդրա Գրիգորյանը` ԵԱ փոխչեմպիոն

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 58 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 88 կգ ու 91 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրել է 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր, հայտնում է Արմենպրեսը:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նախորդ տարի:

ԵԱ-ի ոսկե մեդալը նվաճել է Ուկրաինայից Կամիլա Կոնոպովը (երկամարտ` 221 կգ):

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Գառնիկ Չոլաքյանը: