29 ապրիլի 2026 - 13:05 AMT
Մարիամ Վարդանյանի «Շաքար» ֆիլմը մրցանակի է արժանացել Միրթլ Բիչի միջազգային կինոփառատոնում

ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Մարիամ Վարդանյանի «Շաքար» (Shakkar) ֆիլմը մրցանակի է արժանացել Միրթլ Բիչի միջազգային կինոփառատոնի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում (1st Runner-Up), հայտնում է Radar Armenia-ն:

Myrtle Beach International Film Festival (MBIFF)-ն ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում անցկացվող հեղինակավոր ստուգատես է, որը, ըստ MovieMaker Magazine-ի, համարվում է ԱՄՆ-ի լավագույն անկախ կինոփառատոներից մեկը։ Մրցանակը շնորհվել է անկախ կինոգործիչներին՝ որպես նրանց ստեղծագործական ինքնատիպության և տեխնիկական վարպետության գնահատում։

Ֆիլմը նկարահանվել է Գյումրիում։ Մարիամ Վարդանյանը հանդես է եկել որպես ֆիլմի գլխավոր դերակատար, ինչպես նաև սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերը։