
Ազգային ժողով է ուղարկվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով ներդրվելու է «ծնողական ժամի» ինստիտուտը։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
Մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցողը կկարողանա աշխատաժամանակը կրճատել 30 րոպեով:
«Դա այն քաղաքացիների համար է, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխաներ։ Եթե ունեք մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա, ապա կկարողանաք ձեր աշխատաժամանակը կրճատել 30 րոպեով, իսկ 3 և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 1 ժամով՝ գործատուի հետ գրավոր համաձայնությամբ»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ կարգավորումը գործելու է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար։