23 մայիսի 2026 - 13:38 AMT
Չինաստանում ածխահանքում պայթյունի հետևանքով մոտ 90 մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում գտնվող ածխահանքում գազի պայթյունի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։

Ավելի վաղ պետական «Սինհուա» գործակալությունը տեղեկացրել էր 82 զոհի և ինը անհետ կորածի մասին։

Գազի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի ուշ երեկոյան Ցինյուան գավառում գտնվող Լյուշենյույ ածխահանքում։ Վթարի պահին հողի տակ գտնվել է 247 աշխատող, փոխանցել է գործակալությունը, գրում է BBC-ն:

Ցինյուանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ փրկարարական գործողությունը շարունակվում է, իսկ վթարի պատճառները դեռևս պարզվում են։

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու և ողջ մնացածներին հայտնաբերելու համար, ինչպես նաև հանձնարարել է կառավարությանը հետաքննել վթարի պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Reuters գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախնական տեղեկություններով հաղորդվել էր միայն ութ զոհի և հանքից փրկված ավելի քան 200 աշխատակցի մասին։ Զոհերի թվի նման կտրուկ աճի պատճառները պաշտոնապես չեն մեկնաբանվել։

Reuters-ը նշել է, որ 2000-ականների սկզբից Չինաստանը զգալիորեն նվազեցրել է ածխահանքերում մահացու դեպքերի թիվը՝ անվտանգության կանոնների խստացման շնորհիվ։ Լյուշենյույ հանքում տեղի ունեցած ողբերգությունը դարձել է վերջին տասնամյակի ամենամահաբեր դեպքերից մեկը երկրում։