
Ընդդիմադիրները պետք է դադարեն Ռուսաստանին «խրախուսել, հրահրել ու կոչ անել Հայաստանի դեմ սանկցիա կիրառել», հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհանգստություն չկա, որ Ռուսաստանը կասեցրել է հայկական որոշ ապրանքների վաճառքը, հայտնում է Aysor.am-ը:
«Դիմեք կալուգացի Սամոյին, Քոչարյան Ռոբին, Ծառուկյան Գագիկին, հարցրեք՝ արդյո՞ք ձեզ լավ է, որ ամեն օր հայտնվում է տեսանյութ, որտեղ ձեր աջակիցները մեղադրվում են փող բաժանելու մեջ ու դրա հետ զուգահեռ ասում եք, որ Ռուսաստանը հեսա էս կանի...»,- նշել է Սիմոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը կարող է տնտեսական խնդիրների առաջ կանգնել նման սանկցիաների պայմաններում, Սիմոնյանը պատասխանել է. «Դուք պնդում եք անում, ես վստահեցնում եմ, որ Aysor.am-ը չի կանգնի տնտեսական խնդիրների առաջ»։
Նա լրագրողին նաև առաջարկել է կապ հաստատել տնտեսվարողների հետ։
«Գնացեք, զանգեք, եկեք...դուք կեղծ բաներ եք ասում»,- ասել է նա։
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է ԱԺ նախագահից, թե ինչու ներողություն չեն խնդրել այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել, որ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, մինչդեռ այդ տեղեկությունը հետագայում հերքվել է։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը քննադատել է լրագրողին՝ ասելով. «Դուք սուտ եք խոսում, դուք սուտասան եք»։
Սիմոնյանը նաև կոչ է արել չխառնվել իր և Նարեկ Կարապետյանի հարաբերություններին։
Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում: «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է նաև Ռուսաստանում հայկական որոշ արտադրողների ալկոհոլային արտադրանքի իրացումը` «անորակ լինելու հիմնավորմամբ»: