
Մայիսի 28-ին Մոսկվայում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն անվանել է նախընտրական աջակցություն։
«Սա ավելի շատ նման է մի տեսակ նախընտրական արշավի կամ աջակցության», - ասել է Շոյգուն լրագրողներին, գրում է Interfax-ը:
Նրա խոսքով՝ ներկայում դժվար է խորությամբ վերլուծել տվյալ փաստաթուղթը, քանի որ դրա մանրամասները դեռևս հասանելի չեն։
Շոյգուն նաև ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը պետք է ներառի առանձին և մանրակրկիտ մշակված ուղղություններ։
«Մենք դա դեռ չենք տեսել»,-ասել է նա:
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում կայացած հանդիպման ընթացքում ստորագրել են երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր։
Մասնավորապես, նրանք նախաստորագրել են TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև շրջանակային հուշագիրը՝ «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման ու վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման մասին»։