
ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը ՀՀ կժամանի հունիսի 5-ին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 22 անդամից կազմված պատվիրակությունը գլխավորում է Դամիեն Քոթիեն (Շվեյցարիա, ALDE):
Պատվիրակությունը ՀՀ-ում կլինի հունիսի 5-8-ը՝ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով։
ԵԽԽՎ պատվիրակությունը ընտրական գործընթացին հետևելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ համատեղ։
Դիտորդները հանդիպումներ կունենան խորհրդարանում ներկայացված և չներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Նախատեսվում են նաև հանդիպումներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անդամների հետ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։