7 հունիսի 2026 - 18:34 AMT
Կրկնաքվեարկության 19 դեպք է գրանցվել, 14 անձ ձերբակալվել է

Հունիսի 7-ին ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։

Արձանագրվել են կրկնաքվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշառք տալու 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպքեր։ Այդ փաստերով կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմիններին։ Ձերբակալվել է 14 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում։

Միաժամանակ ուսումնասիրվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմում է ներկայացրել 1650 անձ։

Ընտրություններին մասնակցելու նպատակով համայնքներում ժամանակավորապես տրամադրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնը» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացել է 820 զանգ։

Բացի այդ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։