8 հունիսի 2026 - 15:01 AMT
Ձերբակալվել է ՌԴ-ից ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկությունից հետո երկրից շուտափույթ հեռանալու մասին

Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկությունից հետո երկիրը շուտափույթ լքելու մտադրության մասին, հայտնում է Արմենպրեսը:

Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն, Հովհաննես Սահակյանը, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)»,-հայտնել են ՔԿ-ից:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը, որը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ընտրություններին մասնակցելու նպատակով, հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրն իսկ վերադառնալու է Ռուսաստան, որպեսզի ինքն ու ընտանիքը բարդությունների առաջ չկանգնեն Հայաստանում իրավիճակի հնարավոր լարվածության պատճառով։