
«Հայաստան» դաշինքը ներկայում քննարկումների փուլում է և իր հետագա անելիքների ու քաղաքական մոտեցումների վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Այդ մասին փոխանցել են ընդդիմադիր դաշինքից, հայտնում է «Ազատությունը»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իրենց աջակցած քաղաքացիներին:
«Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմի նկատմամբ ունեցած վստահության համար: Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ:
Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»,- նշել է Սաղաթելյանը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքների, ստացել է 145 հազար 113 ձայն կամ ընտրողների 9.934 տոկոս աջակցություն՝ հաղթահարելով Ազգային ժողով անցնելու համար սահմանված շեմը։