
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանը քննարկել է տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերը։
Խուդաթյանը բարձր է գնահատել Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին ցուցաբերվող Եվրամիության շարունակական աջակցությունը։ Նա կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում ձևավորված նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում համագործակցության ակտիվացումը։
Մարթա Կոսը շնորհավորել է նախարարին ԱԺ ընտրություններում արձանագրված համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ Եվրամիության աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու։
Իր հերթին Խուդաթյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու համագործակցությունը տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև կապակցվածության ներառական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։