23 հունիսի 2026 - 18:32 AMT
ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նախարարության վերանվանման նախաձեռնությանը։

Խորհրդակցության ժամանակ նախարարը խոսել է այն գաղափարի մասին, ըստ որի՝ առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, գրում է Aysor.am-ը:

Նա նաև նշել է, որ հետագայում փոփոխություններ կարող են կատարվել նաև Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը դեռևս գտնվում է գաղափարի և քննարկումների փուլում։

Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է այդ հնարավորությանը։

«Նոր կառավարությունում, գուցեթե, մտածենք նախարարության անունը փոխելու մասին։ Դա դեռ կքննարկենք, սա ընդամենը գաղափար է, գուցե՝ այո՛, գուցե՝ ո՛չ»,- նշել էր Փաշինյանը։