
ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու միջնորդություն։ Այդ մասին հայտնել են ԿԸՀ-ից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի ՍԴ–ի որոշումից հետո, քանի որ հանձնաժողովն այժմ ընդդիմադիր ուժերի ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում»,– հայտնել են ԿԸՀ-ից։
Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի՝ Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես ծրագրած 2–3-օրյա այց է ունեցել, և հենց այդ նպատակով էր մտադիր մեկնել երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ ընտրությունների նախնական արդյունքները դեռ չեն եղել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարել է իր քաղաքական ուժի հաղթանակի մասին, ապա ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։
ՔՊ առաջնորդը նաև հայտարարել է, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարական է տվել բացահայտել բոլոր դեպքերը։