
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտնել է, որ X հարթակում իր անունից տարածվող՝ առաջիկա շաբաթներին Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացնող տեսանյութը կեղծ է։
Գերատեսչությունը նաև հերքել է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) անունից տարածվող հղման իսկությունը:
«X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։ Կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ։ Ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր։
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետներն իրականացնում են 24-ժամյա ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգ և երկրաշարժերի վերաբերյալ հրապարակվում են օպերատիվ և պատշաճ իրազեկումներ»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Factor.am-ը անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ տվյալ ապատեղեկատվությունը սեյսմիկ ռիսկի ընդհանուր փաստը կապել է Firebird նախագծի հետ՝ ստեղծելով տպավորություն, թե Կոտայքի մարզում տեղակայված արհեստական բանականության տվյալների կենտրոնը գտնվում է մոտալուտ վտանգի տակ։