30 հունիսի 2026 - 14:11 AMT
Պապոյանն՝ արտահանման մասին․ Այսպիսի բան պետք է լիներ, որ տնտեսությունը դիվերսֆիկացվեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով արդյունքում ստեղծված խնդիրների մասին հարցին, ասել է, որ այսպիսի բան պետք է լիներ, որ տնտեսությունը դիվերսֆիկացվեր:

Նա հավելել է, որ լոլիկը շարունակում է է արտահանվել, միաժամանակ դրա զգալի մասը վաճառվում է նաև ներքին շուկայում, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այո՛, շուկայում կան որոշակի փոփոխություններ։ Հիմա, օրինակ, լոլիկի գները մի քանի անգամ ցածր են, քան անցած տարի էր։ Բնականաբար, դա արտադրողների համար խնդիրներ է ստեղծում, սպառողների համար ուրախալի լուր է»,– ասել է նա։

Նախարարի գնահատմամբ՝ արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման պայմաններում նման խնդիրները կհասնեն նվազագույն մակարդակի։

«Այս ամենի արդյունքում Հայաստանն ու ՀՀ տնտեսությունն ավելի ուժեղացած են դուրս գալու։ Մի այսպիսի բան պետք է լիներ, որ մեր տնտեսությունը դիվերսֆիկացվեր, հակառակ դեպքում համոզելով, խնդրելով որևէ բան տեղի չէր ունենա»,– ընդգծել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ այս պահին որևէ բիզնեսի փակման վերաբերյալ տվյալներ չկան։ Ընդհակառակը, լիազոր մարմինը շարունակել է տարբեր աջակցությունների տրամադրումը բիզնեսին։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Եվրամիության կողմից տրամադրվող 35 մլն եվրոյի աջակցությունը նպատակ ունի Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնել, նախարարը կոշտ է արձագանքել։

«Լավ էլի, ժողովուրդ, ե՞րբ եք տեսել մեզ հակառուսական տրամադրություն գեներացնելիս, լավ էլի»,– պատասխանել է նա։

Մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է մի շարք հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն են եղել: Մայիսի 22-ին հայտարարվել է ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին, սահմանափակումներ են սահմանվել Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի նկատմամբ։ Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։

Հունիսի 26-ին Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը։