
Հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։
Եզրափակչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմաթովին։
Մեկնարկային գոտեմարտում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էդգար Պետրոսյանը (55 կգ) և Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը նվաճել է բրոնզե մեդալ։