9 հուլիսի 2026 - 16:56 AMT
«Արարատցեմենտը» հուլիսի 10-ից կաշխատի

«Արարատցեմենտ» գործարանը հուլիսի 10-ից ամբողջ ծավալով կսկսի աշխատել։ Այդ մասին գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

«Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում, ոնց կարող ենք անել, որ գործարանը չկանգնի և աշխատի: Իրավական գործընթացների պատասխանն իրավապահ կառույցները կտան: Մեծ հավանականությամբ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով, մենք ժամանակին հասել ենք»,- նշել է փոխնախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Առավոտյան «Արարատցեմենտի» աշխատակիցները հավաքվել էին գործարանի մոտ և բողոքի ակցիա էին իրականացրել։ Արդեն չորրորդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցները հայտարարել էին, որ ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում գործարանի շուրջ և ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը։

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակում իրավապահները կապարակնքել էին գործարանը, ինչի հետևանքով այն չէր գործում։