
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Արմենպրեսը:
Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա:
«Սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։
«Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն․ այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը։ Դեռևս ուշ չէ։ Վաղը կարող է արդեն ուշ լինել։
Միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի՝ դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը»,-ասված է հայտարարությունում։
Հուլիսի 9-ի առավոտյան քննիչները կրկին Մանուկյանի բնակարանում են եղել։ Նա սկզբում ձերբակալվել է, ապա ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Գործը առնչվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործին։