
Առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է երեխաների ներկայությամբ պատուհանները փակ և կողպած պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բազմակի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխան մահացել է: Այդ մասին հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել էր երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Երեխան ընկել էր Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի 3-րդ հարկից։
«Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը:
Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են:
Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, չի կարելի վստահել դրանց ամրությանը:
Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրել պատուհաններից հեռու:
«Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու:
Հիշե՛ք գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել Ձեր ուշադրությունը` թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ: Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն:
Հիշե΄ք` մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,– ասվում է հաղորդագրության մեջ։