
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների նոր ղեկավարներին։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,- գրել է նա:
Կատվալյանն այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2022թ.՝ մարտից մինչև նույն թվականի դեկտեմբեր։
Աավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը դադարեցրել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։ Նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։
Ռոմիկ Մխիթարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարել էր 2023 թվականի նոյեմբերից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Նա պաշտոնավարել է ընդամենը ինը ամիս, նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Որպես հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը։