16 հուլիսի 2026 - 18:24 AMT
ԱԽ քարտուղարը ԵՄ քաղառաքելության ղեկավարի հետ քննարկել է հետագա գործակցությունը

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Կողմերը նաև քննարկել են առկա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունն առաքելության հետ։

Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ պետական կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը։

Սատու Կոյվուն փորձառու դիվանագետ է և անվտանգության ոլորտի մասնագետ։ Մինչ այս նշանակումը նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Ֆինլանդիայի ոստիկանությունում և ունի միջազգային առաքելություններում աշխատանքի հարուստ փորձ, այդ թվում՝ ղեկավար դերակատարում է ունեցել Երուսաղեմում ԵՄ ոստիկանական առաքելության (EUPOL COPPS) կազմում։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել սահմանամերձ շրջաններում մարդկանց անվտանգությանը և վստահության ամրապնդմանը։ Սատու Կոյվուի ղեկավարության ներքո EUMA-ն կշարունակի իր պարեկային գործունեությունը և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ զեկույցների ներկայացումը Բրյուսելին: