
Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակի դեպքեր։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որոնցից 6-ն ավարտվել է հոսպիտալացմամբ։
Հիմնական ախտանշաններն են եղել ինքնազգացողության վատացումը, ջերմության բարձրացումը և որովայնի շրջանում ցավը, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։
Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։