17 հուլիսի 2026 - 14:33 AMT
Խաչատուրյանն ու Դըկոտինյին քննարկել են Սյունիքում իրականացվող ֆրանսիական ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, շնորհավորել դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նրա միջոցով՝ նախագահ Էմանուել Մակրոնին ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություններ և բարօրություն։

Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական իշխանությունների մակարդակով։

Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների նշանակությունը՝ Հանրապետության նախագահը, ի թիվս այլ հարցերի, հատուկ անդրադարձել է բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին կայացած նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, որը, նրա գնահատմամբ, նոր լիցք և բովանդակություն է հաղորդել երկկողմ օրակարգին։

Կարևորվել է նաև համագործակցության հետագա խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։

Խաչատուրյանը նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին՝ առանձնահատուկ ընդգծելով այդ օրակարգում Ֆրանսիայի դերակատարությունը։

Հանդիպման ավարտին դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին այցելության, բարեմաղթանքների և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ցուցաբերվող աջակցության համար։