18 հուլիսի 2026 - 13:51 AMT
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը

Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներում հանդես եկող հայկական բոլոր ակումբները հաղթահարել են որակավորման առաջին փուլի արգելքը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում առավելության է հասել լատվիական «Ռիգայի» նկատմամբ (2:0, 2:3)։ Երևանյան ակումբի հաջորդ մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը»։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել է Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» (3։0, 1։0), իսկ «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով առավելության է հասել ղազախական «Ելիմայի» նկատմամբ (1:1, 2:2, 11մ՝ 6։5), գրում է Factor.am-ը:

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի հունգարական «Դեբրեցենը», իսկ «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից պայքարին կմիանա նաև Հայաստանի գավաթակիր «Նոան», որը երկխաղյա դիմակայություն կանցկացնի մոլդովական «Զիմբրուի» դեմ։

Եվրագավաթների որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ։