20 հուլիսի 2026 - 13:03 AMT
Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է վերանորոգված եռավագոն շարժակազմ

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ գործող պարկից մեկ շարժակազմ՝ երեք վագոնով, ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում և արդեն դուրս է եկել գիծ, հայտնում է Արմենպրեսը:

«Վերանորոգման արդյունքում շարժակազմը 350 հազար կիլոմետր վազք է ունենալու»,-ասել է նա:

Սեդրակյանը նաև տեղեկացրել է, որ երեք միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթն ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է միայն Կառավարության կողմից համապատասխան ֆինանսավորման տրամադրումը։