
Բարձր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգը։ ՆԳ նախարարությունը քաղաքացիներին հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխելու համար արգելվում է չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Խիստ անհրաժեշտության դեպքում կրակ կարելի է վառել միայն բաց տարածքում՝ խարույկը շրջապատելով առնվազն 5 մետր լայնությամբ միներալիզացված շերտով։ Հեռանալուց առաջ այն անհրաժեշտ է ամբողջությամբ հանգցնել ջրով կամ ծածկել հողով։
ՆԳՆ-ն նաև զգուշացնում է բաց տարածքներում շշեր և ապակու կտորներ չթողնել։ Դրանք կարող են կենտրոնացնել արևի ճառագայթները և հրդեհի բռնկման պատճառ դառնալ։
Արգելվում է նետել այրվող լուցկի կամ չմարված ծխախոտի մնացորդներ, ինչպես նաև ծխել և բաց կրակից օգտվել վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների մոտ։
Չի թույլատրվում նաև այրել չոր խոտն ու խոզանը կամ շրջակա միջավայրում թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր ու նմանատիպ նյութեր։
«Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները, հո՛գ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարե՛ք 112 հեռախոսահամարին»,- հորդորում են նախարարությունից։