
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, օրեր առաջ ծեծի է ենթարկվել։ Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, կա ձերբակալված:
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»,- ասել է քաղաքական գործչի եղբայրը և անջատել հեռախոսը, հայտնում է Factor.am-ը:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացվել։
«Ձեռնարկված անհետաձգելի և ծավալուն գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է»,- նշել է ՆԳՆ ՀՀԻՎ պետի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը։
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
«Մեկ անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Լրագրող Գայանե Զարգարյանը միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ է հրապարակել՝ հայտնելով, որ Կոնջորյանը ծեծի է ենթարկվել հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի դիմաց։
Լրագրողի տեղեկությունների համաձայն՝ ծեծի ենթարկողները կառուցապատման աշխատանքներով զբաղվող, Կոտայքի մարզում գրանցված «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա ընկերներն են եղել։