30 հուլիսի 2026 - 11:20 AMT
ՀՀ-ում գենսուլին դեղամիջոցի որոշակի սերիա հետ է կանչվել․ Տեսչական մարմինը հորդորում է չօգտագործել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որոշում է կայացրել հետ կանչել «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» ներարկման լուծույթի մեկ սերիան՝ դրա մեջ հայտնաբերված թերության պատճառով։

Տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման (10 մլ ապակե սրվակ, արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա») 50C2607A սերիայի շրջանառությունը և իրականացնելու դրա հետկանչը։

Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ որոշման հիմքում դրվել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նշված սերիայում արձանագրվել է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն։

Մասնավորապես, տեսողական զննության ընթացքում սրվակի ներքին մակերեսին հայտնաբերվել է 0.1-1 մմ չափսերով մասնիկ, որը կպած է եղել ապակե տարայի ներսի մակերեսին։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ 50C2607A սերիան ենթակա է եղել շրջանառությունից հանման և հետկանչի։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորում է ստուգել իրենց մոտ առկա դեղամիջոցի սերիան և, եթե այն 50C2607A-ն է, չօգտագործել այն։